Արագացված ընթացակարգ մասնագետների համար
Մասնագետների համար արագացված ընթացակարգ
Ինչպե՞ս է գործում այս ընթացակարգը
Այս ընթացակարգը ներդրվել է 2020 թվականին ընդունված Մասնագետների ներգաղթի մասին օրենքով (Fachkräfteeinwanderungsgesetz)։ Միևնույն ժամանակ օտարերկրյա քաղաքացին կարող է նաև շարունակել անցնել վիզայի տրամադրման սովորական ընթացակարգով։
§ 81a կացության մասին օրենքի համաձայն՝ գործատուները կարող են իրենց ապագա աշխատակիցների համար օտարերկրացիների վարչությունում (Ausländerbehörde) դիմել մասնագետների համար արագացված ընթացակարգի կիրառման համար՝ վճարելով 500-600՝ եվրո պետական տուրք՝ կախված երկրամասից (2026 թվականի դրությամբ)։
Արագացված ընթացակարգի իրականացման համար գործատուն պետք է ունենա համապատասխան լիազորագիր տվյալ մասնագետի կողմից։ Գործատուն պարտավոր է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տես՝ Մասնագետների ներգաղթի մասին օրենքի կիրառման ուղեցույցները՝ BMI, էջ 145 և հաջորդները) ներկայացնել օտարերկրացիների վարչություն, որը միաժամանակ տվյալ ընթացակարգի շրջանակում խորհրդատվություն է տրամադրում գործատուին։
Այնուհետև օտարերկրացիների վարչությունը նախաձեռնում է արտերկրում ձեռք բերված որակավորման համարժեքության հաստատման ընթացակարգ համապատասխան իրավասու մարմնի մոտ։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, այն ստանում է Զբաղվածության Դաշնային Գործակալության (Bundesagentur für Arbeit) համաձայնությունը։
Օտարերկրացիների վարչությունը նաև տեղեկացնում է համապատասխան արտասահմանյան ներկայացուցչությանը ընթացակարգի վերաբերյալ և, երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են, անհապաղ տրամադրում է նախնական համաձայնություն (Vorabzustimmung)։
§ 31a կացության մասին կանոնակարգի (Aufenthaltsverordnung) համաձայն՝ արտասահմանյան ներկայացուցչությունը պարտավոր է նախնական համաձայնության ներկայացումից հետո երեք շաբաթվա ընթացքում մասնագետին նշանակել վիզայի դիմում ներկայացնելու ժամկետ։ Բացի այդ, երբ ներկայացված է ամբողջական դիմումը, այն, որպես կանոն, պետք է քննվի և որոշում կայացվի երեք շաբաթվա ընթացքում։
Լրացուցիչ ժամկետներ են սահմանված նաև առանձին փուլերի համար․ որակավորման ճանաչման ընթացակարգի համար՝ երկու ամիս, իսկ Դաշնային զբաղվածության գործակալության կողմից համաձայնության տրամադրման համար՝ մեկ շաբաթ՝ ամբողջական փաստաթղթերի ներկայացման դեպքում։








