Աշխատանք և մասնագիտություն
Աշխատանք և մասնագիտություն
Ի՞նչ իրավունքներ ունեք որպես աշխատող
Եթե ձեր կացության կարգավիճակում նշված է «Erwerbstätigkeit erlaubt», դուք իրավունք ունեք աշխատել Գերմանիայում։
Իսկ ի՞նչ իրավունքներ ունեք որպես աշխատող, երբ հիվանդ եք կամ ձեզ աշխատանքից ազատում են: Այս և այլ հարցերի հակիրճ պատասխանները ներկայացված են ստորև։
2015 թվականից Գերմանիայում գործում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձ, որը տարեցտարի աճում է: Լրիվ դրույքով աշխատանքի դեպքում շաբաթական առավելագույն աշխատաժամանակը կազմում է 40 ժամ, այսինքն՝ օրական առավելագույնը 8 ժամ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Բացի այդ, օրենքով սահմանված են նաև ընդմիջման ու պարտադիր հանգստի ժամերը Գրավոր պայմանագիր պարտադիր է ժամանակավոր աշխատանքի կամ մասնագիտաակն ուսուցման (Ausbildung) համար։ Անժամկետ աշխատանքային պայմանագրի դեպքում օրենքի համաձայն բանավոր պայմանագիրն էլ համարվում է վավեր, սակայն դուք իրավունք ունեք ունենալու գրավոր պայմանագիր։ Պայմանագրի ստորագրման ժամանակ ձեզ տրամադրվում է դրա մեկ օրինակը։
Գրավոր պայմանագրում սովորաբար նշվում է՝
- ձեր անունը և հասցեն
- պայմանագրի սկսման ամսաթիվը
- անհրաժեշտության դեպքում պայմանագրի ժամկետը
- փորձաշրջանի տևողությունը
- ձեր աշխատավայրի հասցեն
- ձեր աշխատաժամանակը
- գործունեության նկարագրությունը
- աշխատավարձը (նախքան հարկումները)
- ձեր արձակուրդի իրավունքները
- պայմանագրից կամ կոլեկտիվ համաձայնագրերից բխող այլ պայմաններ, եթե առկա են
Աշխատավարձի չափսը մինչ հարկվելը համաձայնեցված է գործատուի հետ։ Այսինքն աշխատավարձից պահումներ են արվում հարկերի և սոցիալական վճարների ձևով։
Հարկեր
- եկամտային հարկ (Lohnsteuer)
- Համերաշխության հավելավճար (Solidaritätszuschlag, մինչև 2020 թվականը)
- եկեղեցական հարկ (Kirchensteuer, եթե դուք անդամ եք քրիստոնեական եկեղեցու)
Սոցիալական վճարներ
- կենսաթոշակային ապահովագրություն
- առողջապահական ապահովագրություն
- խնամքի ապահովագրություն
- գործազրկության ապահովագրություն
Հիմնական բանաձևը հետևյալն է՝
Մաքուր աշխատավարձ + հարկեր + սոցիալական վճարներ = Bruttolohn
Հարկերի և սոցիալական վճարների չափը կախված է ձեր եկամուտից և հարկային դասից։ Բարձր եկամուտ ունեցողը ավելի շատ հարկ է վճարում, ցածր եկամուտ ունեցողը՝ քիչ կամ ընդհանրապես ոչինչ։ Հարկային դասը կախված է նրանից, թե դուք միայնակ եք, ամուսնացած եք, ամուսնալուծված թե այրի կամ արդյոք երեխաների հետ նույն ընտանիքում եք ապրում։
Ձեր գործատուն օրենքով պարտավոր է վճարել աշխատավարձը, նույնիսկ եթե չունեք գրավոր պայմանագիր։ Առաջին քայլը՝ ուղարկել գործատուին գրավոր նամակ՝ նշելով ձեր աշխատած ժամերը, գումարի չափը և բանկային տվյալները։ Համապատասխան ժամկետ նշանակեք (օրինակ՝ 2 շաբաթ) և ստորագրեք նամակը։
Եթե գործատուն չի արձագանքում սահմանված ժամկետի ընթացքում, կարող եք դատական հայց ներկայացնել աշխատանքային վեճեր քննող դատարան։
Այո, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ձեր նվազագույն արձակուրդի իրավունքը կազմում է 20 վճարվող աշխատանքային օր։ Կոլեկտիվ համաձայնագրով նախատեսված ավելի մեծ արձակուրդի իրավունքն ուժի մեջ է։ Գործատուն կարող է ավելացնել արձակուրդի օրերի քանակը, սակայն դրանք նվազեցնել չի կարող։ Կես դրույքով աշխատանքի պարագայում արձակուրդի իրավունքը կկարգավորվի աշխատանքային ժամերին համահունչ։
Ազատման ծանուցումը պայմանագրային կողմի միակողմանի հայտարարությունն է՝ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ։ Տարբերում են արտառոց (առանց ծանուցման ժամկետների պահպանման) և սովորական ազատումներ։ Առաջինը կիրառվում է միայն ծանր և դիտավորյալ խախտումների դեպքում։ Սովորական ազատման դեպքում պահպանվում են սահմանված ծանուցման ժամկետները՝ առանց պատճառի պարտադիր ներկայացման։ Աշխատողը օգտվում է ազատման պաշտպանության օրենքից (Kündigungsschutzgesetz), և գործատուն կարող է ազատել միայն երեք պատճառներով՝ անձնական, վարքային կամ կազմակերպչական։ Աշխատողը, ով դժգոհ է աշխատանքից ազատման որոշումից, իրավասու է 3 շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատման պաշտպանության հայց (Kündigungsschutzklage) ներկայացնել դատարան։
Փորձնական աշխատանքի նպատակն է ծանոթանալ աշխատողին և հնարավոր ապագա գործատուին։ Դրա տևողությունը սովորաբար 1–5 օր է։ Եթե գործատուն այդ ընթացքում արդեն շահույթ է ստանում, ապա աշխատավարձ վճարվում է։ Իսկ եթե փորձնական աշխատանքը պարզապես ծանոթանալու համար է, աշխատավարձ չի վճարվում։ Փորձնական աշխատանքը տեղի է ունենում մինչև աշխատանքային հարաբերությունների հաստատումը»։
Փորձաշրջանը նշվում է աշխատանքային պայմանագրում և կարող է տևել առավելագույնը 6 ամիս։ Այդ ընթացքում և՛ աշխատողը, և՛ գործատուն կարող են դադարեցնել աշխատանքային պայմանագիրը՝ մյուս կողմին նախապես 2 շաբաթ առաջ տեղեկացնելով, առանց պատճառ նշելու։
Փորձաշրջանի ավարտից հետո գործում է աշխատանքից ազատման պաշտպանության օրենքը, և աշխատանքից ազատումը հնարավոր է միայն անձնական, վարքային կամ արտադրական (կազմակերպչական) պատճառներով»։
Ծնողները կարող են ժամանակավորապես դադարեցնել կամ կրճատել իրենց աշխատանքը՝ պահպանելով աշխատանքի վայրը։ Ծնողական արձակուրդը կարելի է օգտագործել երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում։ Առաջին 12 ամսվա ընթացքում վճարվում է ծնողական նպաստ, իսկ երկու ծնողների կողմից այն համատեղ օգտագործելու դեպքում նպաստի տևողությունը կարող է հասնել մինչև 14 ամսվա։
Կեղծ ինքնազբաղվածություն է համարվում այն իրավիճակը, երբ անձը ձևականորեն ինքնազբաղված է, սակայն իրականում որպես վարձու աշխատող կատարում է աշխատանքային պարտականություններ։
Այս դեպքում գործատուն շրջանցում է աշխատանքային օրենսդրության այն պահանջները, որոնք կոչված են պաշտպանելու աշխատողների իրավունքները, ինչպես նաև չի վճարում սոցիալական ապահովագրության վճարներն ու աշխատավարձից գանձվող հարկերը։
Եթե կենսաթոշակային ապահովագրության մարմինը կամ հարկային ծառայությունը պարզեն, որ առկա է կեղծ ինքնազբաղվածություն, գործատուն կարող է ենթարկվել զգալի ֆինանսական տույժերի:
Օրինակ՝ ճգնաժամի ժամանակ, եթե ընկերության պատվերների ծավալը զգալիորեն նվազում է, այն կարող է աշխատակիցներին տեղափոխել կարճատև աշխատանքի (Kurzarbeit)։ Դա նշանակում է, որ աշխատանքային ժամերը կրճատվում են՝ համապատասխանաբար նվազեցնելով աշխատանքի ծավալը։ Գործատուն այդ դեպքում վճարում է կարճատև աշխատանքի նպաստ (Kurzarbeitergeld), որը, եթե այլ պայմանավորվածություն չկա, նույնպես նվազում է նույն համամասնությամբ, որքանով կրճատվել են աշխատանքային ժամերը։
Մինիաշխատանքը (Minijob) փոքր ծավալի զբաղվածության ձև է, որի դեպքում 2026 թվականի տվյալներով ամսական եկամուտը չպետք է գերազանցի մոտավորապես 538 եվրոն (կախված նվազագույն աշխատավարձից և օրենքով սահմանված սահմանաչափերից)։ Այս տեսակի զբաղվածությունը համարվում է ցածր ծավալի աշխատանք և, որպես կանոն, չի ենթադրում պարտադիր սոցիալական ապահովագրության ամբողջական համակարգին միացում։ Այդ պատճառով աշխատողը սովորաբար չի ընդգրկվում գործազրկության, առողջապահական և խնամքի ապահովագրության համակարգերում։
Միաժամանակ, կենսաթոշակային ապահովագրության վճարները հիմնականում պարտադիր են, սակայն որոշ պայմաններում հնարավոր է դրանցից ազատում ստանալ։
Չնայած զբաղվածության սահմանափակ ծավալին՝ մինիաշխատանք իրականացնող աշխատողն ունի վճարվող արձակուրդի իրավունք, հիվանդության դեպքում աշխատավարձի պահպանման իրավունք, ինչպես նաև օգտվում է աշխատանքից ազատման իրավական պաշտպանությունից։ Բացի այդ, գործում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը, որի արդյունքում մինիաշխատանքի շրջանակներում ամսական աշխատաժամանակը սովորաբար կազմում է մոտավորապես 40–50 ժամ՝ կախված ժամային վարձատրությունից։
Պրակտիկան (Praktikum) լիարժեք աշխատանքային հարաբերություն չի համարվում, սակայն այնուամենայնիվ պրակտիկանտը պարտադիր կերպով ապահովագրված է արտադրական դժբախտ պատահարներից։ Վարձատրության կարգը կախված է պրակտիկայի տեսակից․ պարտադիր պրակտիկան, օրինակ՝ կրթական ծրագրի շրջանակում իրականացվող պրակտիկան, վարձատրություն չի ենթադրում։ Մինչդեռ կամավոր պրակտիկայի դեպքում, եթե դրա տևողությունը գերազանցում է երեք ամիսը, գործատուն օրենքով պարտավոր է վճարել սահմանված նվազագույն աշխատավարձը։
Արհմիությունները պայքարում են աշխատողների իրավունքների, ավելի բարձր աշխատավարձի և աշխատանքի բարելավված պայմանների համար։ Գերմանական արհմիությունների դաշնությունը (Deutscher Gewerkschaftsbund, DGB) միավորում է 8 անդամ կազմակերպություններ՝ ներկայացնելով շուրջ 6 միլիոն աշխատողի։
Անդամ կազմակերպություններն են՝
- Միավորված ծառայությունների արհմիություն (Vereinte Dienstleistungsgewerkschaft (ver.di)
- Մետաղարդյունաբերության արհմիություն (Industriegesellschaft Metall (IG Metall)
- Ոստիկանության արհմիություն (Gewerkschaft der Polizei (GdP
- Երկաթուղային և տրանսպորտի աշխատողների արհմիություն (Eisenbahn- und Verkehrsgewerkschaft (EVG)
- Կրթության և գիտության արհմիություն (Gewerkschaft Erziehung und Wissenschaft (GEW)
- Սննդի, ըմպելիքների և հյուրընկալության ոլորտի արհմիություն (Gewerkschaft Nahrung-Genuss-Gaststätten (NGG)
- Շինարարության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի արհմիություն (Industriegewerkschaft Bauen-Agrar-Umwelt (IG BAU)
- Հանքարդյունաբերության, քիմիայի և էներգետիկայի արհմիություն Industriegewerkschaft Bergbau, Chemie, Energie (IG BCE)
Կան նաև փոքր արհմիություններ՝ Գերմանիայի պետական ծառայողների միություն (Deutscher Beamtenbund), Մարբուրգի միություն (Marburger Bund), Կոկպիտի միություն (Vereinigung Cockpit), Քրիստոնեական արհմիությունների միություն (Christlicher Gewerkschaftsbund)։
Անդամակցելով արհմիությանը՝ աշխատողը վճարում է անդամավճար, սակայն դրա դիմաց ստանում է իրավական պաշտպանության ապահովագրություն, ինչպես նաև անվճար իրավաբանական խորհրդատվության և դատարանում ներկայացված լինելու հնարավորություն։








