Ինչպե՞ս է գործում Գերմանիայի դպրոցական համակարգը:
Գերմանիայում գործում է մոտավորապես 32,000 հանրակրթական դպրոց։ Նախնական կրթություն ապահովող դպրոցները հաճախ տեղակայված են նաև փոքր գյուղերում, մինչդեռ միջին և ավագ դպրոց հաճախելու համար երեխաները հաճախ պետք է հասնեն մոտակա քաղաք։ Դասերը սովորաբար սկսվում են առավոտյան 8-ին և ավարտվում կեսօրից կամ վաղ կեսօրին։ Ավագ դասարանների աշակերտների համար դասերը կարող են տևել ավելի երկար՝ մինչև 17։00։ Սակայն տարեցտարի ավելանում են երկարօրյա դպրոցները, որոնցում երեխաները կարող են դպրոցական հսկողության տակ մնալ նաև մինչև կեսօրից հետո։
Դպրոցական տարին սկսվում է օգոստոս կամ սեպտեմբեր ամսին և ավարտվում հունիս կամ հուլիսին։ Գերմանիայում կան ամառային, աշնանային, ձմեռային (Սուրբ Ծննդյան) և Զատիկի արձակուրդներ, որոշ դաշնային երկրներում նաև ձմեռային կամ Հոգեգալստյան տոնի արձակուրդներ։
Պետական դպրոցներն անվճար են։
Դպրոցներում դասավանդվում են շատ տարբեր առարկաներ։ Նախ ուսուցանվում են գերմաներեն ու մաթեմատիկա, ինչպես նաև բնական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ և երաժշտություն։ Ավելի ուշ ավելանում են պատմություն, հասարակագիտություն և այլն։ Բացի այդ, միշտ ընդգրկված է մարզական ուսուցում, այդ թվում՝ լող, և կրոնական ուսուցում։ Ով չի ցանկանում մասնակցել կրոնական դասերին, կարող է ընտրել էթիկա առարկան։ Անհատական հետաքրքրություններից ելնելով՝ որոշ տարիքում աշակերտները կարող են ընտրել այլ առարկաներ՝ կախված դպրոցի առաջարկից։
Գերմանիայում կրթական համակարգի կազմակերպման և կառավարման պատասխանատվությունը վերապահված է դաշնային երկրամասերին, ինչի արդյունքում գործում են 16 տարբեր դպրոցական համակարգեր։ Հիմնական կառուցվածքը սակայն բոլոր տեղերում գրեթե նույնն է։
Տարրական դպրոց (Grundschule)
6 տարեկանից երեխաները պարտադիր ուսումնական տարիքի մեջ են։ Դա նշանակում է, որ նրանք պետք է հաճախեն պետական կամ մասնավոր դպրոց․ տնային ուսուցումը բավարար չէ։ Տարրական դպրոցը սովորաբար տևում է 4 տարի, իսկ Բեռլինում և Բրանդենբուրգում՝ 6 տարի։ Երեխաները հենց սկզբից ստանում են վկայականներ՝ սկզբում հիմնականում գրավոր բնութագրումների ձևով, իսկ հետագայում՝ 1–6 գնահատման համակարգով գնահատականներով, որտեղ 1-ը լավագույն գնահատականն է, իսկ 4-ը՝ անցողիկը։
Միջնակարգ կրթություն (Sekundarstufe)
Չորրորդ դասարանից հետո երեխաները այլևս չեն շարունակում ուսումը միասին՝ նույն դպրոցում․ նրանք պետք է ընտրեն դպրոցի տեսակներից որևէ մեկը։
«Հիմնական դպրոց՝ 5–9-րդ դասարանների համար (որոշ դեպքերում նաև մինչև 10-րդ դասարանը)։ Այստեղ դասավանդվում են հիմնականում պրակտիկ առարկաներ, օրինակ՝ արհեստագործություն, խոհարարություն։ Ավարտին աշակերտներն անցնում են մեկ բանավոր և երեք գրավոր քննություն՝ գերմաներեն, մաթեմատիկա և անգլերեն և ստանում հիմնական դպրոցի վկայական, որը սովորաբար հնարավորություն է տալիս մասնագիտական ուսուցման անցնելու։
Միջնակարգ դպրոց՝ 5–10-րդ դասարանների համար։ Այստեղ ևս կարևոր են պրակտիկ առարկաները, հաճախ կարելի է ընտրել նաև երկրորդ օտար լեզու։ Ուսման ավարտին անցնում են բանավոր և գրավոր քննություններ՝ գերմաներեն, մաթեմատիկա, անգլերեն, և ստանում միջնակարգ դպրոցի ավարտական վկայական։
Եթե աշակերտի միջին գնահատականը բավարար է, նա ստանում է «որակավորված միջնակարգ դպրոցի ավարտական վկայական», որի հիման վրա նրա առաջ բացվում են մի քանի ուղիներ՝ մասնագիտական ուսուցում կամ մասնագիտական միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են ոչ միայն ընդհանուր առարկաներ, այլև ձեռք են բերում մասնագիտական գործնական հմտություններ։ Որակավորված միջնակարգ դպրոցի ավարտից հետո աշակերտը կարող է ընդունվել մասնագիտական ավագ դպրոց, որտեղ ձեռք է բերում մասնագիտական բարձրագույն պատրաստություն, կամ անցնել ավագ դպրոցի վերջին դասարանների փուլ, որտեղ ստանում է ընդհանուր բարձրագույն պատրաստություն։ Եթե երեխայի առաջադիմությունը բավարար է, նա կարող է նաև ուղղակի ընդունվել ավագ դպրոց։
Միջին կրթական փուլը (Mittelstufe)՝ կախված դաշնային երկրամասից և դպրոցից, կարող է տևել 5 կամ 6 տարի: Դրան հաջորդում է ավագ դպրոցի փուլը (gymnasiale Oberstufe), որն ընդգրկում է 3 ուսումնական տարի։ Այս փուլում մեծ ուշադրություն է դարձվում տեսական գիտելիքներին։ Ավագ դպրոցում աշակերտներն ունեն ավելի լայն հնարավորություններ՝ ընտրելու առարկաներ իրենց հետաքրքրություններին համապատասխան, սակայն որոշ առարկաներ պարտադիր են բոլորի համար։ 12 կամ 13 տարվա դպրոցական կրթությունից հետո հնարավոր է ստանալ Գերմանիայի բարձրագույն դպրոցական ավարտական վկայականը՝ (Abitur), որի համար անհրաժեշտ է հանձնել գրավոր և բանավոր քննություններ։
Շատ դաշնային երկրամասերում գործում են նաև համակցված դպրոցներ (Gesamtschule), որոնք միավորում են դպրոցական երեք հիմնական տեսակները։ Հաճախ աշակերտները մինչև 6-րդ կամ 8-րդ դասարանը սովորում են նույն դասարանում, իսկ միայն հիմնական առարկաներում՝ գերմաներեն, մաթեմատիկա և անգլերեն, բաժանվում են ըստ առաջադիմության։ Այն համակցված դպրոցներում, որոնք ունեն նաև ավագ դպրոցի փուլ, հնարավոր է ստանալ բոլոր դպրոցական կրթական աստիճանները։
Այն երեխաների համար, որոնք հաշմանդամության պատճառով կարիք ունեն անհատականացված և լրացուցիչ աջակցության, նախատեսված են հատուկ աջակցող դպրոցներ (Förderschulen)։
Ծնողները նույնպես կարող են մասնակցել դպրոցի գործունեության կազմակերպմանը: Բոլոր դպրոցներում գործում են ծնողական խորհուրդներ (Elternbeirat), որոնք կարող են առաջարկություններ ներկայացնել և ձայն ունենալ դպրոցի խորհրդում։ Բացի այդ, կազմակերպվում են ծնողական հանդիպումներ, որոնց ընթացքում ուսուցիչները տեղեկացնում են ընթացիկ հարցերի մասին կամ քննարկում են ուսումնական գործընթացը, դպրոցական ուղևորությունները և այլ կարևոր թեմաներ։









