Մասնագիտական կրթություն
Ինչպե՞ս է գործում մասնագիտական ուսուցման համակարգը․
Գերմանիայում կա մոտ 350 պետականորեն ճանաչված մասնագիտական ուսուցման ենթակա մասնագիտություն և շուրջ 400․000 ուսուցում առաջարկող ձեռնարկություն։ Ներկայումս ավելի քան 1,3 միլիոն մարդ անցնում է մասնագիտական ուսուցում։ Շատ ոլորտներում նոր ուսանողների պահանջարկ կա, քանի որ առկա է մասնագետների պակաս։
Որակավորված մասնագիտական ուսուցումը սովորաբար տևում է 2-4 տարի։ Ուսուցման ընթացքում համատեղվում են տեսական կրթությունը մասնագիտական դպրոցում և գործնական փորձը` ձեռնարկությունում։ Մասնագիտական դպրոցում դասավանդվում են ոչ միայն ընդհանուր առարկաներ՝ գերմաներեն, մաթեմատիկա կամ հասարակագիտություն, այլ նաև տվյալ մասնագիտությանը հատուկ առարկաներ։ Գործնական ուսուցմանը հատկացվող ժամանակը կախված է նրանից, թե ուսուցումը դպրոցական (լիովին դպրոցում իրականացվող) է, թե ձեռնարկությունում իրականացվող։
Մասնագիտական ուսուցման տարբեր ձևեր
Ձեռնարկությունում իրականացվող (երկակի/dual) ուսուցում
Մասնագիտական ուսուցում հիմնականում կազմակերպվում է երկակի համակարգով։ Սա նշանակում է, որ սովորաբար շաբաթական 1–2 օր անցկացվում է մասնագիտական դպրոցում, իսկ 3–4 օր՝ ձեռնարկությունում, այսինքն՝ գործնական մասը գերակշռում է։ Երբեմն մի քանի շաբաթ շարունակ ուսուցումը տեղի է ունենում դպրոցում, իսկ մնացած ժամանակը՝ ձեռնարկությունում։ Ուսուցման ժամկետի կեսին անցկացվում է միջանկյալ, իսկ ավարտին՝ ավարտական քննություն, որը կազմակերպվում է համապատասխան մասնագիտական պալատի կողմից։
Երկակի ուսուցման ընթացքում սովորաբար վճարվում է աշխատավարձ։ Այս ձևով կարելի է սովորել հատկապես արհեստագործական մասնագիտություններ, բայց նաև այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են հյուրանոցային կառավարման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտություններ։
Դպրոցական մասնագիտական ուսուցում
Դպրոցական ուսուցումն իրականացվում է միայն մասնագիտական դպրոցում (Berufsfachschule)։ Սակայն այստեղ ևս գործնական փորձը կարևոր դեր ունի, քանի որ ուսուցման ընթացքում իրականացվում են տարբեր պրակտիկաներ։ Սովորաբար դպրոցական ուսուցման ընթացքում աշխատավարձ չի վճարվում, սակայն կան բացառություններ, օրինակ՝ բուժքրոջ/բուժեղբոր մասնագիտության ուսուցումը, որը վճարվող է։ Դպրոցական ուսուցման միջոցով սովորաբար ձեռք բերվող մասնագիտություններից են նաև դաստիարակը կամ օտար լեզուների գործավար-քարտուղարը։
Ուսուցման ընթացքում պարտադիր պահանջներ
Ուսուցման ընթացքում պարտադիր է վարել ուսուցման մասին հաշվետվություն՝ Berichtsheft / Ausbildungsnachweis, որտեղ գրավոր արձանագրվում են կատարված աշխատանքներն ու ձեռք բերված գիտելիքները։ Այս փաստաթուղթը պարտադիր նախապայման է ավարտական քննությանը մասնակցելու համար։
Ուսուցման ավարտից հետո
Ավարտական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո ստացվում է պետականորեն ճանաչված մասնագիտական վկայական։ Շատ դեպքերում ուսանողները հետագայում աշխատանքի են ընդունվում հենց իրենց ուսուցումը կազմակերպած ձեռնարկությունում, հետևաբար տվյալ մասնագիտությամբ կարիերա կառուցելու հնարավորությունները բարձր են։
Ձեռնարկությունում իրականացվող մասնագիտական ուսուցման համար պարտադիր ավարտական վկայական սահմանված չէ, սակայն դրա առկայությունը կարող է նպաստել դիմումի հաջողությանը։ Դպրոցական մասնագիտական ուսուցման դեպքում սովորաբար պահանջվում է միջնակարգ դպրոցի ավարտական վկայական (Realschulabschluss), իսկ նվազագույն պահանջը տարրական դպրոցի ավարտական վկայականն է (Hauptschulabschluss)։
- Ուսուցումը սկսելուց առաջ երբեմն պահանջվում է նախնական բժշկական զննում։
- Անհրաժեշտ է նաև բացել բանկային հաշիվ, որին գործատուն կփոխանցի աշխատավարձը։
- Ուսուցման ընթացքում անձն ինքնաբերաբար ընդգրկվում է սոցիալական ապահովագրության համակարգում, որի վճարի կեսը կատարում է գործատուն։
- Եթե քննությունը ձախողվում է, այն կարելի է կրկնել մինչև երկու անգամ։
- Եթե ուսուցման ընթացքում ստացվող աշխատավարձը բավարար չէ կենսապահովման համար, հնարավոր է դիմել մասնագիտական ուսուցման պետական աջակցության (BAB)։








