Բուհական կրթություն
Ինչպե՞ս է գործում բուհական կրթությունը Գերմանիայում․
Գերմանիայում կա ավելի քան 20.000 ուսումնառության ծրագիր, որոնցից մոտ 1.800-ը միջազգային են, հիմնականում անգլերեն լեզվով, և դրանք իրականացվում են գրեթե 400 բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Շուրջ 2,9 միլիոն ուսանողներից մոտ 400.000-ը գալիս են արտերկիրց։ Նրանք սովորում են համալսարաններում, կիրառական գիտությունների համալսարաններում (Fachhochschulen / Universities of Applied Sciences) կամ արվեստի, կինոյի ու երաժշտության դպրոցներում։ Ուսման ավարտին նրանք կարող են ստանալ բակալավր, մագիստրոս, պետական քննություն (Staatsexamen) կամ դոկտորի աստիճան։
Կրթության ոլորտները շատ բազմազան են՝ գյուղատնտեսություն և անտառային գիտություններ, հասարակական և սոցիալական գիտություններ, ինժեներական գիտություններ, արվեստ, երաժշտություն, դիզայն, ուսուցչական մասնագիտություններ, մաթեմատիկա և բնական գիտություններ, բժշկություն և առողջապահություն, լեզուներ և մշակութաբանություն, ինչպես նաև տնտեսագիտություն և իրավագիտություն։
Պետական համալսարաններում սովորաբար ուսման վճար չեն պահանջում, սակայն անհրաժեշտ է վճարել սեմեստրի անդամավճար, որը ներառում է սեմեստրի տոմսը՝ տարածաշրջանի հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու համար, ինչպես նաև վճարներ, որոնք նախատեսված են ուսանողական կազմակերպությունների և ուսանողական ծառայությունների համար։
Ուսումնական տարի բաժանված է երկու կիսամյակի՝
● ձմեռային կիսամյակ՝ սովորաբար հոկտեմբերի 1-ից մարտի 31-ը,
● գարնանային կիսամյակ՝ ապրիլի 1-ից սեպտեմբերի 30-ը։
Կիրառական գիտությունների համալսարաններում սեմեստրը հաճախ սկսվում է մեկ ամիս ավելի վաղ։ Սեմեստրի ավարտին սկսվում են սեմեստրի արձակուրդները, որոնց ընթացքում դասախոսություններ չեն անցկացվում, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է անցնել քնննական թեստեր կամ գրել տնային աշխատանքներ։
- Դպրոցական ավարտական վկայական, որը տալիս է համալսարան մուտքի իրավունք (հիմնականում՝ Abitur)
- Համալսարանի ընդունելության հաստատում (Zulassung)
- Լեզվի գիտելիքներ
- Գերմաներենի ուսումնական ծրագրերի համար՝ լավ գերմաներենի իմացություն
- Միջազգային ծրագրերի համար՝ սովորաբար անգլերենի իմացություն
- Ֆինանսավորման ապացույց
- Վիզա
- Առողջապահական ապահովագրություն (պահանջվում է ինչպես վիզայի համար դիմելիս, այնպես էլ համալսարանում գրանցման ժամանակ)
«DAAD-ի ընդունելության տվյալների բազայի կամ «anabin» հարթակի միջոցով հնարավոր է ստուգել, թե արդյոք ձեր դպրոցական ավարտական վկայականը բավարար է համալսարան անմիջապես ընդունվելու համար»։ Եթե ոչ, կարող եք հաճախել համալսարանի նախապատրաստական կուրս (Studienkolleg) և հանձնել ավարտական հաստատման քննություն (Feststellungsprüfung), որը հնարավորություն է տալիս անմիջապես ընդունվել համալսարան»։
Մինչև ընդունվելը, ցանկության դեպքում կարող եք մասնակցել նաև լեզվի կամ նախապատրաստական դասընթացներին, եթե դեռ վստահ չեք ձեր պատրաստության մակարդակի վրա:
Կախված ձեր դպրոցական ավարտական վկայականից և ձեր ընտրած մասնագիտությունից՝ կարող եք դիմել երեք տարբերակներից որևէ մեկով:
1. Գերմանիայի բուհերի միասնական ընդունելության համակարգ (hochschulstart)
2. Միջազգային դիմորդների ընդունելության միջնորդային համակարգ (uni-assist)
3. Ուսումնական հաստատությունը անմիջապես
Դիմելու համար անհրաժեշտ են ստորև ներկայացված փաստաթղթերը՝
● բարձրագույն կրթության հասանելիություն տվող վկայականի պաշտոնապես վավերացված պատճեն
● առարկաների և գնահատականների ցանկ (պահանջվում է պաշտոնապես թարգմանված և վավերացված)
● առկայության պարագայում՝ նախորդ ուսումնական վկայականների պատճեններ
● անձնագրային լուսանկար
● անվան և լուսանկարի տվյալները պարունակող անձնագրի պատճեն
● լեզուների իմացությունը հավաստող վկայականների պաշտոնապես վավերացված պատճեններ
Դիմումը կարող է վճարովի լինել. Միջազգային դիմորդների ընդունման միջնորդային համակարգի (uni-assist) միջոցով վկայականի գնահատումն ու նախնական ստուգումը արժե 75 եվրո։ Համալսարանները կարող են սահմանել իրենց դիմումների մշակման վճարը։ Գերմանիայի Դաշնության բուհերի միասնական ընդունելության համակարգի (Hochschulstart) միջոցով դիմումն անվճար է։
Դիմումների համար սահմանված են ժամկետներ՝ մասնավորապես ձմեռային կիսամյակը՝ մինչև հուլիսի 15-ը, իսկ գարնանայինր՝ մինչև հունվարի 15-ը։
Որոշ համալսարաններ նաև պահանջում են լրացուցիչ որակավորման քննություն՝ միջազգային ուսանողների համար նախատեսված թեստ (TestAS): Այն բաղկացած է լեզվի թեստից, որի համար անհրաժեշտ է առնվազն B1 մակարդակի լեզվական իմացություն, հիմնական թեստից, որտեղ գնահատվում են ուսման համար անհրաժեշտ ընդհանուր կարողությունները, և մասնագիտական թեստային մոդուլից, որտեղ ստուգվում են հատուկ առարկայական գիտելիքները։
Այս թեստի ընթացքում կարող եք ընտրություն կատարել հետևյալ ոլորտներից՝ հումանիտար, մշակութաբանական և հասարակագիտություն, ինժեներական գիտություններ, մաթեմատիկա, ինֆորմատիկա և բնական գիտություններ կամ տնտեսագիտություն։ Թեստի հաջող ավարտը հաստատվում է համապատասխան սերտիֆիկատով։
Ուսման հիմքով վիզա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ֆինանսավորման ապացույց։ Դուք պետք է ամսական ունենաք առնվազն 992 եվրո կամ 11.904 եվրո տարեկան, որպեսզի երաշխավորեք ձեր կենսապահովումը։ Այս ֆինանսավորման ապացույցը կարող է ներկայացվել հետևյալ կերպ՝ ծնողների եկամուտի կամ ակտիվների փաստաթղթերով, որևէ այլ անձի պարտավորագրային հայտարարությամբ, փակ հաշվի (Sperrkonto) բացմամբ, բանկային երաշխիքով կամ ստանալով կրթաթոշակ ճանաչված ծրագիր տրամադրողից։ DAAD-ի տվյալների բազայի միջոցով կարող եք գտնել կրթաթոշակ տրամադրող կազմակերպություններ։
- Ուսումնառության ծրագրի կամ կրթաթոշակի համար դիմելիս անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները։
- Վիզայի մշակումը կարող է տևել մի քանի ամիս, ուստի դիմեք ժամանակին։
- Պատճենված փաստաթղթերը պետք է լինեն պաշտոնապես վավերացված պատճեններ։ Որոշ փաստաթղթերի համար պահանջվում է նաև թարգմանություն, որը կարող է ենթադրել հավելյալ ծախսեր։ Խնդրում ենք նախապես ճշտել կոնկրետ պահանջները։
- Անպայման անհրաժեշտ է ունենալ առողջապահական ապահովագրություն։








