Մասնագիտական որակավորումների ճանաչում

  

Ո՞վ պետք է անցնի մասնագիտական որակավորման ճանաչման ընթացակարգը

Մասնագիտական որակավորման ճանաչումը մասնագետի համար նախատեսված կացության թույլտվություն տրամադրելու հիմնական նախապայմաններից մեկն է, եթե վերջինս մասնագիտական կրթությունը ստացվել է արտերկրում։
Որակավորման համարժեքության հաստատման հնարավորությունը ստուգվում է ճանաչման ընթացակարգի շրջանակում։ Այս ընթացակարգը կիրառվում է արտերկրում մասնագիտական կրթություն ստացած բոլոր մասնագետների նկատմամբ, ինչպես նաև ակադեմիական կրթություն ունեցող մասնագետների նկատմամբ՝ կարգավորվող մասնագիտությունների դեպքում։
 

Ո՞րն է տարբերությունը կարգավորվող և չկարգավորվող մասնագիտությունների միջև

Մասնագիտական կրթությամբ զբաղմունքների մեծ մասը, ինչպես նաև ակադեմիական բազմաթիվ մասնագիտություններ, չեն դասվում կարգավորվող մասնագիտությունների շարքին։ Սա նշանակում է, որ դրանք իրավականորեն պաշտպանված չեն, և որակավորման ճանաչումից հետո դրանցով կարելի է անմիջապես զբաղվել։
Չկարգավորվող մասնագիտական կրթությամբ զբաղմունքների օրինակներ են երկակի (դուալ) համակարգում՝ ավտոմեքենաների մեխատրոնիկ մասնագետը (Kraftfahrzeugmechatroniker*in) կամ գրասենյակային կառավարման գործավարը (Kauffrau/Kaufmann für Büromanagement)։
Չկարգավորվող ակադեմիական մասնագիտությունների օրինակներ են քիմիկոսը կամ մաթեմատիկոսը։ Ի տարբերություն դրա՝ կարգավորվող մասնագիտությունները իրավականորեն պաշտպանված են։
Մի կողմից տվյալ մասնագիտությամբ զբաղվելու իրավունքը և դրա իրացումը պայմանավորված են որոշակի մասնագիտական որակավորումների առկայությամբ, ինչը  սահմանված է իրավական կամ վարչական նորմատիվ ակտերով, մյուս կողմից մասնագիտական կոչման օգտագործումը թույլատրվում է միայն այն անձանց, ովքեր ունեն տվյալ որակավորումը։
Կարգավորվող մասնագիտական կրթությամբ զբաղմունքների օրինակներ են առողջապահական ոլորտում՝
բուժքույրը և խնամակալը (Kranken- und Altenpflegerin), մանկաբարձը (Hebamme), ֆիզիոթերապևտը (Physiotherapeutin) կամ շտապօգնության բժշկական տեխնիկը (Notfallsanitäterin), իսկ մանկավարժական ոլորտում՝ օրինակ դաստիարակը (Erzieherin)։
Ակադեմիական մասնագիտությունների շրջանակում կարգավորվող են հատկապես բժշկական և թերապևտիկ մասնագիտությունները, ինչպիսիք են բժիշկը կամ մասնագիտացված բժիշկը ((Fach)Arzt), դեղագործը (Apotheker) կամ հոգեթերապևտը (Psychotherapeut), ինչպես նաև այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ինժեները (Ingenieur), ճարտարապետը (Architekt), ուսուցիչը (Lehrer), սոցիալական մանկավարժը (Sozialpädagoge) և իրավաբանը (Rechtsanwalt)։
 
 

Պետության կողմից ճանաչված որակավորում

Որակավորման համարժեքության գնահատման և որոշման նպատակով անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։
Եթե ուսումնական ծրագիրը ավարտվել է արտերկրում՝ պետության կողմից ճանաչված դիպլոմով, դա սովորաբար բավարարում է ճանաչման գործընթացի նախապայմանը։
Այնուամենայնիվ, մասնագիտական որակավորումը հաստատելու համար պարտադիր չէ միայն ուսումնական կամ մասնագիտական վկայականների առկայությունը որոշ դեպքերում բավարար կարող է լինել նաև համապատասխան աշխատանքային փորձը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար։
Երկակի (դուալ) կրթության հիմքով մասնագիտությունների դեպքում հնարավոր է իրականացնել որակավորման վերլուծություն, որի ընթացքում փորձագիտական գնահատման կամ փորձնական աշխատանքի միջոցով ստուգվում են դիմորդի հմտությունները, ինչը կարող է հանգեցնել ամբողջական կամ մասնակի ճանաչման։
Այս ընթացակարգը կիրառելի է միայն այն դեպքում, երբ անձը, օրինակ՝ փախուստի պատճառով, չի կարող ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր։
 
 

Համեմատական մասնագիտություն (Referenzberuf)

Մասնագիտական անվանումները տարբեր երկրներում միշտ չէ, որ համընկնում են, ինչպես նաև մասնագիտական կրթությունների բովանդակությունը կարող է տարբեր լինել։ Ուստի մասնագիտական որակավորումը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի համեմատական մասնագիտություն, որը գոյություն ունի Գերմանիայում և հնարավորինս մոտ է դիմորդի հայրենի երկրում ստացած մասնագիտությանը։
 

Հայտի ներկայացում համապատասխան մարմնին

Մասնագիտական որակավորման ճանաչման հայտը պետք է պարունակի առնվազն  հետևյալ փաստաթղթերը
●         Հայտի  օրիգինալ ձևաթուղթը
●         Անձը հաստատող փաստաթուղթ
●         Գերմաներեն աղյուսակաձև կենսագրություն (CV), որտեղ ներկայացված է ամբողջ ուսումնական և մասնագիտական գործունեությունը
●         Ուսուցման վկայականներ՝ հնարավորինս հստակ նշված ուսուցման բովանդակությամբ և տևողությամբ և/կամ համապատասխան մասնագիտական փորձի վկայագրեր
●         Հայտարարություն, որ մինչ այս պահը չի ներկայացվել հայտ՝ որակավորման համարժեքության ճանաչման համար
 
Եթե խոսքը վերաբերում է կարգավորվող մասնագիտություններին, ապա դիմորդը պետք է ներկայացնի նաև նույն մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու թույլտվության վկայական այն երկրից, որտեղ ստացել է կրթությունը (օրինակ՝ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ տվյալ երկրի կողմից տրված մասնագիտական գործունեություն իրականացնելու լիցենզիան):
Վկայականները պետք է ներկայացվեն միայն վավերացված պատճենների տեսքով և, որպես կանոն, պետք է նաև լինեն թարգմանված։
Դիմումի մշակման պատասխանատու մարմինը կարող է տարբեր դաշնային երկրամասերում տարբեր լինել, սակայն սովորաբար քննության համար պատասխանատու են համապատասխան մասնագիտական պալատները։
●         Ձեռնարկատիրական (արհեստագործական) մասնագիտությունների համար պատասխանատու են տարածաշրջանային ձեռնարկատիրական պալատները (Handwerkskammern)
 
●         Գյուղատնտեսական մասնագիտությունների համար պատասխանատու են տարածաշրջանային գյուղատնտեսական պալատները (Landwirtschaftskammern)
●         Բոլոր մյուս առևտրային և ձեռներեցական մասնագիտությունների համար պատասխանատու է արդյունաբերության և առևտրի պալատի արտասահմանյան որակավորումների ճանաչման ծառայությունը (IHK FOSA (Foreign Skills Approval der Industrie- und Handelskammer):
●         Շատ անկախ մասնագիտություններ ունեն իրենց հատուկ պալատները, օրինակ՝ դեղագործների, բժշկների կամ փաստաբանների պալատները։
Այն դեպքում, երբ գնահատվում է այլ մասնագիտությունների մասնագիտական որակավորման համարժեքությունը, հատկապես բժշկական և մանկավարժական ոլորտներում, սովորաբար պատասխանատու են դաշնային երկրամասերի (Landesbehörden) համապատասխան մարմինները։
Բացառություն են կազմում չկարգավորվող մասնագիտությունները Բադեն-Վյուրթեմբերգ, Նիդերսաքսեն, Բեռլին և Զարլանդ երկրամասերում, որտեղ համարժեքության վկայականի տրամադրումն իրականացնում է արտասահմանյան կրթության կենտրոնական մարմինը (Zentralstelle für ausländisches Bildungswesen, ZAB)։
Այստեղ հատկապես օգտակար է Գերմանիայի դաշնային մասնագիտական կրթության և ուսուցման ինստիտուտի (Bundesinstitut für Berufsbildung) «Anerkennungs-Finder» ծառայությունը։
 

Համարժեքության գնահատում (Gleichwertigkeitsprüfung)

Հայտը ներկայացնելուց հետո համապատասխան մարմինը գնահատում է, թե արդյոք արտասահմանյան որակավորումը համարժեք է Գերմանիայում ստացված որակավորմանը։
Գնահատման գործընթացը կարող է տևել 3–4 ամիս։
Հայտի ստացումից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, պատասխանատու մարմինը տեղեկացնում է, թե արդյոք գնահատման համար անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր։
Եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սկսվում է 3-ամսյա ժամկետը, որը կարող է մեկ անգամ երկարացվել ևս մեկ ամսով։
 
Մասնագետների արագացված ընթացակարգի (beschleunigtes Fachkräfteverfahren) դեպքում գնահատման գործընթացը ավարտվում է երկու ամսվա ընթացքում։
Այս ընթացակարգի վճարը սովորաբար կազմում է 100–600 եվրո՝ կախված գործի բարդությունից և պահանջվող աշխատանքի ծավալից։ Օրինակ՝ Արտասահմանյան կրթության կենտրոնական մարմնի (ZAB) կողմից համարժեքության վկայականի տրամադրման համար սահմանված է 485 եվրո վճար։ Բացի այդ, կարող են առաջանալ նաև թարգմանության և փաստաթղթերի հավաստագրման լրացուցիչ ծախսեր։ Այնուամենայնիվ, որոշ ծրագրերի շրջանակներում հնարավոր է օգտվել կրթաթոշակներից կամ այլ ֆինանսական աջակցության միջոցներից։
 

Հայտի գնահատման արդյունքները

 
Պատասխանատու մարմինը գնահատման արդյունքի մասին տեղեկացնում է գրավոր վարչական ակտի՝ որոշման (Bescheid) միջոցով։ Գոյություն ունեն երեք հնարավոր արդյունքներ։
1.         «Մասնագիտական որակավորումը ճանաչվում է» (ամբողջական համարժեքություն), այսինքն ծագման երկրի կրթության և Գերմանիայում համեմատական մասնագիտության (Referenzberuf) միջև էական տարբերություն չկա։
2.         «Մասնագիտական որակավորումը ճանաչվում է մասամբ» (մասամբ համարժեքություն)։ Կան տարբերություններ կրթության բովանդակության և/կամ տևողության միջև, կամ ուսուցանվող գիտելիքները և հմտությունները տարբերվում են։ Այս տարբերությունները կարելի է հավասարակշռել։ Այս դեպքում անհրաժեշտ է տարբերակել կարգավորված և չկարգավորված մասնագիտությունները
  • Չկարգավորված մասնագիտություններդիմողը կարող է անցնել համապատասխանեցման վերապատրաստում (Anpassungsqualifizierung) և մինչև 5 տարի անց ներկայացնել հաջորդ հայտը, որպեսզի ստանա լիարժեք ճանաչում։
  • Կարգավորված մասնագիտություններպատասխանատու մարմինը սահմանում է (հարմապատասխանեցման քայլեր (Ausgleichsmaßnahme), որոնց միջոցով հնարավոր է վերացնել տարբերությունները, օրինակ՝ համապատասխանեցման դասընթաց, հմտությունների ստուգում կամ գիտելիքների քննություն։ Հաջող ավարտից հետո հաստատվում է համարժեքությունը, այնուհետև գնահատվում են մասնագիտական գործունեության համար նախատեսված այլ պահանջները։
3.         « Մասնագիտական որակավորումը չի ճանաչվում» (առանց համարժեքության) նշանակում է, որ կրթության մեջ առկա են այնպիսի էական տարբերություններ, որոնք այլ միջոցներով հնարավոր չէ հավասարակշռել։