Դպրոցական ավարտական վկայական

  

Ու՞մ է անհրաժեշտ դպրոցի ավարտական վկայականի ճանաչումը։

Մասնագիտական ուսուցման (Berufsausbildung) ընդունելությունը օրենքով պայմանավորված չէ որևէ կոնկրետ կրթական աստիճանի կամ դպրոցական ավարտական վկայականի առկայությամբ։ Որոշումը, թե արդյոք դիմորդը համապատասխանում է տվյալ ուսումնական տեղին, կայացնում է ուսուցումն իրականացնող կազմակերպությունը։ Սակայն ուսուցման տեսական մասն իրականացնող դպրոց (Berufsschule) դիմելու համար դպրոցի ավարտական վկայականի ճանաչումը կարող է պարտադիր լինել։
Գերմանական համալսարանում ուսումը սկսելու համար արտասահմանյան դպրոցի ավարտական վկայականը պետք է ապահովի բարձրագույն կրթության հասանելիություն, այսինքն՝ համապատասխանի գերմանական (Fach)Abitur-ին։
Գերմանիայում համալսարանների համար կենտրոնացված ընդունելության քննություն չկա։ Ավագ դպրոցի ավարտական վկայականը (Abitur) հաջողությամբ ստանալու դեպքում ուսանողը ավտոմատ կերպով ձեռք է բերում բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու իրավունք և կարող է անմիջապես դիմել իր ընտրած համալսարան։
Որոշ մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության քանակական սահմանափակում (Numerus Clausus, NC), որի դեպքում կիրառվում է կենտրոնացված ընդունելության համակարգ։

 

Ո՞ր մարմինն է պատասխանատու ճանաչման համար

Արտասահմանյան դպրոցի ավարտական վկայականի՝ գերմանական իննամյա «ընդհանուր դպրոցի» ավարտական վկայականին (Hauptschulabschluss), տասնամյա «ռեալ դպրոցի» ավարտական վկայականին (Realschulabschluss) կամ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու իրավունք տվող վկայականին համարժեք լինելու մասին որոշում են կայացնում Գերմանիայի 16 երկրամասերի վկայականների ճանաչման գրասենյակները (Zeugnisanerkennungsstellen)։
Համալսարան ընդունվելու նպատակով ավարտական վկայականի ճանաչումն իրականացնում է համապատասխան համալսարանի միջազգային ակադեմիական բաժինը (Akademisches Auslandsamt)։ Եթե արտասահմանյան դպրոցի ավարտական վկայականը անմիջապես չի ապահովում Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանելու իրավունք, հնարավոր է մասնակցել նախապատրաստական դասընթացին (Studienkolleg) և այնուհետև հանձնել համապատասխան հաստատման քննություն (Feststellungsprüfung)։