Կացություն մասնագիտական կրթությամբ որակավորված մասնագետների համար
Ո՞ւմ համար է կիրառելի այս կարգավորումը
Կացության մասին օրենքը նախատեսում է մասնագետների ներգաղթի կարգավորման նպատակները՝ ապահովելու Գերմանիայի աշխատաշուկայի մասնագետների պահանջարկը և ծառայելու Գերմանիայի որպես տնտեսության ու գիտության կենտրոնի պահպանմանը։
Այսպիսով, եթե դուք Գերմանիայում ավարտել եք որակավորված մասնագիտական հաստատություն կամ ունեք դրան համարժեք որակավորում, կարող եք որպես մասնագիտական կրթություն ստացած անձ դիմել համապատասխան մարմին՝ աշխատանքային գործունեության նպատակով կացության թույլտվություն ստանալու համար։
Օրենքի համաձայն՝ գերմաներենի իմացությունը պարտադիր չէ, սակայն մասնագիտական գործունեության իրականացման համար այն առնվազն օգտակար է, իսկ հասարակական կյանքին ակտիվ մասնակցության համար՝ գրեթե անփոխարինելի։
Եթե 4 տարվա ընթացքում կարողանաք ապացուցել գերմաներենի B1 մակարդակի իմացություն, կարող եք անմիջապես դիմել մշտական կացության թույլտվության համար։ (Niederlassungserlaubnis)։
Որո՞նք են նախապայմանները
Աշխատանքի առաջարկ
Աշխատանքային գործունեության նպատակով կացության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կոնկրետ աշխատանքի առաջարկ կամ արդեն կնքված աշխատանքային պայմանագիր՝ որակավորված զբաղվածության համար։ Որակավորումը պետք է համապատասխան լինի նախատեսվող աշխատանքին, սակայն թույլատրվում է նաև զբաղվել հարակից մասնագիտություններով (օրինակ՝ հացթուխը կարող է աշխատել որպես հրուշակագործ)։
Աշխատանքի առաջարկը կարող է հաստատվել Աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն ձևաթղթով (Erklärung zum Beschäftigungsverhältnis)։
Մասնագետների ներգաղթի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերից բավարար է, որ անձն ունենա առնվազն 2 տարի տևած մասնագիտական կրթություն և զբաղվի որակավորված աշխատանքային գործունեությամբ, որը պարտադիր չէ, որ լինի հենց ուսուցանված մասնագիտությամբ։
Գերմանական աշխատաշուկայի դաշնային գործակալության համաձայնությունը
Սովորաբար աշխատանքի համար անհրաժեշտ է Գերմանական աշխատաշուկայի դաշնային գործակալության համաձայնությունը։ Սակայն կան նաև բացառություններ, որոնք սահմանված են Զբաղվածության մասին կանոնակարգով։ Այդ շրջանակում գործակալությունը ստուգում է՝ արդյոք աշխատանքային պայմանները (օրինակ՝ աշխատավարձը, աշխատանքային ժամերը, արձակուրդի կարգավորումները) համադրելի են երկրի քաղաքացիների աշխատանքային պայմանների հետ։
Որակավորման ճանաչում
Եթե անձը մասնագիտական կրթությունը ստացել է Գերմանիայից դուրս, ապա կացության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է հաստատել օտարերկրյա որակավորման համարժեքությունը (Կացության մասին օրենքի §18, մաս 2, կետ 4)։
Եթե ուսուցման կամ մասնագիտության բովանդակության մեջ էական տարբերություններ չկան, ճանաչման որոշմամբ հաստատվում է «լիարժեք համարժեքությունը» գերմանական համապատասխան մասնագիտությանը։
Եթե հաստատվում է միայն «մասնակի համարժեքություն» “teilweise Gleichwertigkeit”, ապա հնարավոր է դիմել կացության թույլտվության՝ օտարերկրյա մասնագիտական որակավորման ճանաչման նպատակով (հարմապատասխանեցման քայլերի միջոցով)։
2024 թվականի մարտից ոչ կանոնակարգվող մասնագիտությունների դեպքում մասնագիտական կրթության ճանաչումը Գերմանիայում պարտադիր չի, եթե՝
ա) ապացուցվում է առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ (վերջին յոթ տարվա ընթացքում),
բ) որակավորումը պետականորեն ճանաչված է ծագման երկրում,
գ) ապահովված է նվազագույն աշխատավարձ կամ վճարումը համապատասխանում է կոլեկտիվ պայմանագրին
(§19c Կացության մասին օրենք, §6 Զբաղվածության մասին կանոնակարգ)։
Այս պարագայում նույնիսկ մասամբ տարբերվող, բայց ընդհանուր առմամբ համադրելի մասնագիտական կրթությամբ անձինք կարող են ավելի հեշտ մուտք գործել Գերմանիա որպես մասնագետ։
Մասնագիտական գործունեության թույլտվություն
Կարգավորվող մասնագիտությունների դեպքում (հատկապես առողջապահական, մանկավարժական և որոշ տեխնիկական ոլորտներում) անհրաժեշտ է մասնագիտական գործունեության թույլտվություն, որը տրամադրվում է որակավորման համարժեքության հաստատման դեպքում։
Կացության միջոցների ապահովում
Կացության միջոցների ապահովումը կացության թույլտվության տրամադրման ընդհանուր նախապայման է և, որոշ բացառություններով, պարտադիր է։ Մասնագիտական կրթությամբ մասնագետների աշխատավարձը, որպես կանոն, բավարարում է այս պահանջը։
Կենսաթոշակային ապահովում
45 տարեկանից բարձր մասնագետների դեպքում անհրաժեշտ է նաև բավարար կենսաթոշակային ապահովում։
Անձնագիր և հաստատված ինքնություն
Վիզայի և հետագա կացության թույլտվության տրամադրման նախապայման է, որ դիմողի ինքնությունը հաստատված լինի և ներկայացված լինի վավերական անձնագիր:
Արտաքսման հիմքերի բացակայություն
Արտաքսման հիմքեր չպետք է լինեն, օրինակ՝ հանրային անվտանգությանը սպառնացող հանգամանքներ (ինչպես հանցագործությունների դեպքում)։
Մուտքի կամ կացության արգելքի բացակայություն
Եթե անձը նախկինում Գերմանիայում կամ շենգենյան այլ երկրում դիմել է ապաստանի համար և արտաքսվել է, ապա նրա համար գոյություն ունի մուտքի արգելք։ Հատկապես զգուշավոր պետք է լինել այսպես կոչված անվտանգ ծագման երկրներից եկող անձանց մերժման դեպքում, քանի որ այդ պարագայում որոշ կացության թույլտվություններ արգելափակվում են՝ նույնիսկ եթե արտաքսում դեռ չի իրականացվել։ Մուտքի արգելքի առկայության դեպքում յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին՝ պարզելու դրա տևողության կրճատման հնարավորությունները։
Մուտք համապատասխան վիզայով
Աշխատանքային գործունեության նպատակով կացության թույլտվություն ստանալու համար պարտադիր է, որ անձը մուտք գործած լինի համապատասխան վիզայով։ Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ կարճաժամկետ մուտքը հնարավոր է զբոսաշրջային վիզայով կամ առանց դրա։
Հատուկ կարգավորումներ
Որոշ մասնագիտական խմբերի դեպքում Գերմանական աշխատաշուկայի դաշնային գործակալությունը կարող է իր համաձայնությունը տալ նաև անկախ մասնագետի որակավորումից։
Սեզոնային զբաղվածություն
Գերմանական աշխատաշուկայի դաշնային գործակալությունը կարող է աշխատանքային թույլտվություն կամ կացության թույլտվության համար համաձայնություն տրամադրել օտարերկրացիներին, ովքեր ներգրավված են սեզոնային աշխատանքում՝ շաբաթական առնվազն 30 ժամով՝ գյուղատնտեսության, անտառտնտեսության, այգեգործության, հյուրանոցային և ռեստորանային ոլորտներում, մրգի և բանջարեղենի վերամշակման կամ սղոցարաններում։ Այդ զբաղվածությունը չի կարող գերազանցել 6 ամիսը՝ 12 ամսվա ընթացքում։ Նախապայմանները սահմանված են Գերմանիայի «Զբաղվածության մասին» կանոնակարգի §15a հոդվածում։
Մասնագիտական վարորդներ
Գործակալությունը կարող է իր համաձայնությունը տալ, եթե անձն ունի ԵՄ կամ ԵՏԱ վարորդական իրավունք և ավարտել է հիմնական կամ արագացված հիմնական որակավորման դասընթաց։ Մանրամասն պայմանները սահմանված են Գերմանիայի «Զբաղվածության մասին» կանոնակարգի §24a հոդվածով (օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 18.11.2023 թ.)։








