Սոցիալական ապահովություն

  

Ինչպես է գործում սոցիալական ապահովության համակարգը Գերմանիայում։

Աշխատողներն ընդհանուր առմամբ պարտադիր ապահովագրված են, ինչը ապահովում է պաշտպանություն և աջակցություն՝ հիվանդության, պատահարների, աշխատունակության կորստի, խնամքի անհրաժեշտության, գործազրկության և ծերության ժամանակ։
Գերմանական սոցիալական ապահովությունն ունի հինգ հիմնական բաղադրիչ.
1.         Առողջապահական ապահովագրություն
2.         Պատահարների ապահովագրություն
3.         Գործազրկության ապահովագրություն
4.         Կենսաթոշակային ապահովագրություն
5.         Խնամքի ապահովագրություն
 

Առողջապահական ապահովագրություն

 Առողջապահական ապահովագրությունը ֆինանսական պաշտպանություն է ապահովում հիվանդության, ինչպես նաև մայրության և ծնողության արձակուրդի ժամանակ։ Եթե աշխատողի տարեկան եկամուտը գերազանցում է օրենքով սահմանված ապահովագրության պարտադիր շեմը (մոտ 69.300 €՝ 2026 թվականի տվյալներով), նա կարող է ընտրել կամավոր պետական կամ մասնավոր առողջապահական ապահովագրություն։
Պետական առողջապահական ապահովագրության շրջանակում կարող են ընդգրկվել նաև ամուսիններն ու երեխաները, եթե նրանք չունեն սեփական եկամուտ կամ այն ցածր է սահմանված շեմից (ընտանեկան ապահովագրություն։ Աշխատողը կարող է ընտրել տարբեր առողջապահական ապահովագրական ընկերությունների միջև, որոնք որոշակիորեն տարբերվում են վճարների չափով և առաջարկվող ծառայությունների ծավալով: Ծառայությունների հիմնական ծավալը սահմանված է օրենքով: Բարձր եկամուտ ունեցող անձինք, պետական ծառայողները և ինքնազբաղվածները կարող են նաև ապահովագրվել մասնավոր առողջապահական ապահովագրությամբ։ Շատ կարևոր է ունենալ բավարար ապահովագրական պաշտպանություն։
Պատահարների ապահովագրություն
Պատահարների ապահովագրությունը նվազեցնում է աշխատանքային պատահարների կամ մասնագիտական հիվանդությունների ֆինանսական հետևանքները և տրամադրում է կանխարգելիչ միջոցառումներ ու վերականգնողական ծառայություններ։
 

Խնամքի ապահովագրություն

Խնամքի ապահովագրությունը սոցիալական պաշտպանություն է տրամադրում խնամքի կարիք ունեցող անձանց։ Վճարած գումարների դիմաց ապահովագրված անձն ունի իրավունք ստանալու ֆինանսական օգնություն ինչպես տնային, այնպես էլ հիվանդանոցային խնամքի համար։
 

Կենսաթոշակային ապահովագրություն

Կենսաթոշակային ապահովագրությունը ծերության ապահովման հիմնական հենասյունն է։ Աշխատողներից բացի, ապահովագրված են նաև սովորողները և որոշ խմբերի ինքնազբաղվածները։
 

Հիմնական գործառույթները՝

  • Թոշակների վճարում ապահովագրվածներին և կերակրողին կորցրած  ընտանիքի անդամներին (այրիներ, որբեր)
  • Բժշկական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների իրականացում
 
Կենսաթոշակ ստանալու իրավունքի համար ապահովագրված անձը պետք է հասած լինի օրենքով սահմանված տարիքային սահմանինկենսաթոշակային տարիք»), ունենա նվազագույն ապահովագրական ստաժ (սպասման ժամանակաշրջան) և ներկայացնի կենսաթոշակի նշանակման դիմում։
Թուրքիայի դեպքում գործում է հատուկ կարգավորում գերմանաթուրքական սոցիալական ապահովության համաձայնագրի համաձայն՝ նվազագույն ապահովագրական ստաժի հաշվարկման ընթացքում հաշվի են առնվում նաև Թուրքիայի կենսաթոշակային մարմիններում կուտակված ապահովագրական ժամանակահատվածները։
Սովորաբար կենսաթոշակը նշանակվում է 67 տարին լրանալուց հետո (1964 թվականից հետո ծնված անձանց համար), սակայն որոշ դեպքերում հնարավոր է նաև ավելի վաղ կենսաթոշակի անցում։ Կենսաթոշակի չափը կախված է տարիների ընթացքում կատարված ապահովագրական վճարների չափից։
 
 

Լրացուցիչ կենսաթոշակ

Համերաշխության սկզբունքով գործող պետական կենսաթոշակը կարող է լրացվել կամավոր բնույթի լրացուցիչ կենսաթոշակային ապահովմամբ։ Լրացուցիչ՝ մասնավոր կամ գործատուի կողմից իրականացվող կենսաթոշակային ապահովագրության համար նախատեսված պետական աջակցությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ, օրինակ, սպառողների խորհրդատվական կենտրոններից։
 

Գործազրկության ապահովագրություն

Գործազրկության ապահովագրությունը նախատեսված է գործազրկության դեպքում ֆինանսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության իրականացման համար։
Գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունի այն անձը, ով պաշտոնապես գրանցված է որպես գործազուրկ և նախապես որոշակի ժամանակահատվածի ընթացքում վճարել է գործազրկության ապահովագրության սոցիալական վճարները։
Գերմանիայի Դաշնության աշխատանքի գործակալությունը տրամադրում է տարաբնույթ աջակցության, խորհրդատվական և միջնորդական ծառայություններ ինչպես աշխատողներին, այնպես էլ գործատուներին՝ նպատակ ունենալով հնարավորինս մեծ թվով աշխատանք փնտրող անձանց ինտեգրել աշխատաշուկա։